Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Show must go on

Show must go on
31.07.2018 | 02:08

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանն է` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ` վարչության՝ մի քանի ժամ տևած նիստից հետո հայտնեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ «Ընտրությունը տեղի է ունեցել երկու փուլով։ Երկրորդ փուլ են անցել Հայկ Մարությանը և Ալեն Սիմոնյանը: Երկրորդ փուլով «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համար է ընտրվել իմ ընկեր Հայկ Մարությանը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ ՔՊ-ից 4 հոգի էր ինքնաառաջադրվել քաղաքապետի թեկնածու՝ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը, սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը և վարչապետի օգնական Սրբուհի Ղազարյանը: Երևանը քաղաքապետ չունի հուլիսի 9-ից՝ մայրաքաղաքը 7 տարի ղեկավարած Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։ Հուլիսի 16-ին արտահերթ նիստում ավագանին իր կազմից նոր քաղաքապետ չընտրեց, թեև թեկնածու ուներ` Զարուհի Փոստանջյանը:

Նիստը տապալվեց` քվորում չկար: Այժմ կառավարությունը պետք է ցրի ավագանին ու նշանակի արտահերթ ընտրություններ: Երևանի մասին օրենքով` արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրում:
Հայկ Մարությանին կողմ է քվեարկել 8, Ալեն Սիմոնյանին` 5 հոգի:
Կարգին Հայկոն Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է, որ հեղափոխությունից հետո անդամագրվեց ՔՊ-ին` մինչ այդ ելույթներ ունենալով Հանրապետության հրապարակում` ապահովելով շոու բիզնեսի ներկայությունը հեղափոխությանը:


Ի՞նչ քաղաքապետ կարող է լինել Կարգին Հայկոն: Այս ընտրությունը ծաղր չէ՞ մի մայրաքաղաքի համար, որ պետության կեսն է: Ինքը` Հայկ Մարությանը հասկանու՞մ է` ի՞նչ է ասում, երբ ընտրությունից հետո հայտարարում է` «Երևանի քաղաքապետը չպետք է լինի պաշտոնյա»: Իսկ ո՞վ պետք է լինի: «Նա պետք է լինի լինի ձեզնից մեկը, մեզնից մեկը, մեր քաղաքի ժողովրդից մեկը: Եթե, իհարկե, մենք հաղթենք այս ընտրություններում, ես լինելու եմ ձեզնից մեկը և այդ աչքերով ենք նայելու մեր քաղաքին և այդ աչքերով բոլորով միասին մեր քաղաքը բերելու ենք այն վիճակին, ինչը բոլորս ենք ցանկանում, որ մենք բոլորս հպարտանանք: Ես, այսպես ասած, թևերս քշտած մեր երևանցիների հետ միասին պետք է լուծեմ մեր Երևանի խնդիրները: Ես այդպես եմ ընկալում այդ պաշտոնը»:


Այսինքն` շոուն շարունակվում է` հեղափոխությունն ասպարեզ է բերում ու առանցքային պաշտոններ տալիս մարդկանց, որ միայն մեկ որակ ունեն` ապաքաղաքակա՞ն են, բայց ՔՊ անդամ: Կառավարման ունակությունների մասին նրանց պատկերացումը հենվում է հայտնի ասույթի վրա` «Գործեր կան, որ անելով են սովորում», բայց այդ ասույթը ունի շարունակություն`«Գործեր կան, որ մինչև չսովորեն` չեն արվում»: Հիմա Հայաստանը փորձադա՞շտ է: Մյուս կողմից` ՔՊ-ն բացահայտորեն ընտրություն չուներ` կամ Ալեն Սիմոնյանը, կամ Հայկ Մարությանը: Ըստ ամենայնի` նորակազմ կուսակցությունն արդեն այնքան է կարծրացել, որ նոր թեկնածուների չի կարողանում առաջադրել: Ալեն Սիմոնյանին նախապատրաստում են ապագա ԱԺ նախագահի դերին, իսկ քաղաքապետը մնում է Կարգին Հայկոն: Բայց նույնիսկ միջին մակարդակի դերասանը պիտի իմանար, որ քաղաքականություն է մտնում, որտեղ ամեն խոսքը գին ու հետևանք ունի, որտեղ գերկուշտ են սոփեստությունից ու պոպուլիզմից ու աշխատանք են ուզում: Առնվազն:

Հայտարարությունը` «Ես ձեզնից մեկն եմ», երևանցուն այլևս ոչինչ չի ասում, ընդամենը վկայում է, որ ինքն էլ չգիտի` ուր է գնում ու ինչի համար: Շարքային երևանցուն պետք չէ քաղաքապետ, որ ընդամենը իր աչքերով է նայելու քաղաքին ու «քաղաքը բերելու է այն վիճակին, ինչը բոլորս ենք ցանկանում»: Բոլորիս ցանկությունը այնքան մաշված ու հալից ընկած պատկերացում է, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը չի փրկի ու բովանդակություն չի հաղորդի: Երևանցուն կոնկրետ ծրագիր է պետք ու այդ ծրագիրը կատարելու մեխանիզմ: Ոչ թե հպարտություն, այլ նորմալ գործող ենթակառուցվածքներ ու հարմարավետություն: Եվ փաստը, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ վարչության նիստում մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածու է ընտրվում Կարգին Հայկոն, վկայում է, որ ՔՊ-ն չունի ոչ մարդկային, ոչ քաղաքական ռեսուրսներ և ապավինում է միայն համաժողովրդական աջակցությանը: Իսկ դա ամենաանկայուն ռեսուրսն է` վաղը ոչ թե Հայկ Մարությանից, այլ նրան ընտրած Նիկոլ Փաշինյանից են պատասխան պահանջելու: Երևանը հազարավոր խնդիրներ ունի, որոնց լուծումը դերասանական միջին ունակություններից բացի` պահանջում է աշխատանքային փորձ ու տնտեսավարման ունակություններ: Կարգին Հայկոյի ընտրությունը վկայում է, որ թավշե հեղափոխությունը իր էլիտար հատվածում մնում է շոուի մակարդակին: Ցավոք: ՈՒ դա ուղղվելու է հենց հեղափոխության դեմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ոմանք կարծում են, որ Կարգին Հայկոյին Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելը փակեց «Ելք» դաշինքի գոյության-չգոյության հարցը: Իրականում միանգամայն հակառակն է` այդ ընտրությունը հաստատում է, որ ՔՊ-ն միայնակ քաղաքականության մեջ չի կարողանում ապահովել քաղաքականության ներկայությունը ու քաղաքական լուծումների հնարավորությունը և ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ իրավունք չունի համաժողովրդական հեղինակության ու գերբարձր վարկանիշի հետ խաղեր տալ` միայնակ գնալով այնտեղ` չիմանալով որտեղ, բերելու` չգիտի` ինչ: Թեպետ այդ ընկալումը էյֆորիան չհաղթահարած ՔՊ-ականների համար նույնն է, ինչ որևէ մեկը կանգնի ու նրանց ասի` «Դուք կապ չունեք, մեկ է, արևն ամեն օր արևելքից է ծագելու ու արևմուտքում մայր մտնելու»: Նրանք դա կվիճարկեն ու վարչության աղմկոտ ու տևական նիստ կանեն` որոշելու արևածագի ու մայրամուտի տեղն ու ժամը: Իսկ ընդհանրապես Կարգին Հայկոյին արժի ձայն տալ միայն մեկ դեպքում, երբ կարգին քաղաքապետի խոսք տա, որ հեռուստաէկրանից մեկընդմիշտ կանհետանա իր ձանձրալի ու տաֆտոլոգիայի մեջ խրված նախահեղափոխական կերպարը:

Դիտվել է՝ 10770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ